24 December 2016
  • 766 ნახვა

Կիլիկիա թիմը՝ ՀԳԱ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» եզրափակիչ խաղի հաղթող

      2014 թվականին Թբիլիսիում հիմնադրված Հայ Գիտակների Ակումբը (հիմնադիր Արտակ Այվազյան) այս տարի անցկացրեց արդեն երրորդ մրցաշրջանը: Ակումբի թիմերից չորսը՝ «Մատյան», «Կայծեր», «Ուրարտու», «Կիլիկիա», որոնք «Մրցաշրջան 2016» ի ընթացքում «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» մտավոր խաղի ձևաչափում առավելագույն միավորներ էին հավաքել, դեկտեմբերի 18-ին մասնակցեցին եզրափակիչ խաղին: Հաղթեց «Կիլիկիա » թիմը (թիմի ղեկավար Նինա Սերոպովա):

     Հատկանշական է, որ անցնող տարին Հայ Գիտակների Ակումբի համար բավականին հագեցած է եղել: Տարվա սկզբին ակումբի հավաքականը Հայաստանի Գիտակների Ասոցիացիայի հրավերով մասնակցեց Հայաստանի սպորտային «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ձևաչափի ձմեռային խաղին, ինչի շնորհիվ հայաստանյան առաջնությունը հայտարարվեց բաց առաջնություն: Սա հնարավորություն տվեց ակումբի խաղացողներին փորձ ստանալ պրոֆեսիոնալ մակարդակի խաղերում: Արդեն ամառային արտամրցութային խաղերում նորարարություն եղան ակումբի անդամների կողմից կազմակերպված հեղինակային խաղերը, որի արդյունքում արդեն այս տարվա մրցաշրջանը սկսեց և ավարտեց ակումբի նոր հաղորդավար Աննա Հովհաննիսյանը: Բացի այդ, սեպտեմբերի սկզբին Հայ Գիտակների Ակումբը հրավեր ստացավ Վրաստանի «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ակումբի նախագահ Գիորգի Մոսիձեի կողմից՝ «Tbilisi Open Cup 2016» համաշխարհային մրցույթին Վրաստանի անունից ևս մեկ թիմ ներկայացնելու: Ի դեպ, նշված միջազգային մրցույթին մասնակցությունը առիթ դարձավ, որպեսզի ակումբը այս տարի ստեղծեր իր լոգոտիպը :

     Եվ վերջապես, ակումբի մասնակիցների համար ևս մեկ խթան հանդիսացավ Արմենիա Թի Վի հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղերին, 2017 թվականին, մասնակցությունը:

    Հեղինակ՝ Աննա Օգանեսյան

მსგავსი